Երեխա էի, երբ մեր գեղի «կլուբում» առաջին անգամ տեսա Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» անմահ ստեղծագործության էկրանավորումը՝ 1940 թ. Ամասի Մարտիրոսյանի նկարահանած ֆիլմը: Բնականաբար, շատ բան չհասկացա, բայց տպավորվեց երկու բան՝ Քաջը վագրի վրա և քարվան կտրելու մասին Նազարի խոսքերը. «Տեսնեմ տղերքը գեղամիջումն են: Մի ղարկեմ սարը, քարվան-բան անցկենալիս կլինի», «Կնիկ, ի՜նչ քարվան կտրելու գիշեր է: Դեսը բեր զենքերս, գնամ Դաղստանու խանի քարվանը կտրեմ բերեմ», «Լավ մտիկ տուր, դեմիցը քարվան է գալիս: Թե Քյոռօղլունն է, կտրենք: Էգուց Սարդարի մոտ ճաշի ենք: Ընծա տանենք»: Թե քարվանն ինչ էր՝ տեսքը գիտեի, բա էությունն ի՞նչ էր, իսկ կտրե՞լը…
Ժամն է պատասխանելու մանկական հարցերին:
Եթե մարդկությունն ստեղծել է հավերժական շարժիչ, ապա դա ուղտն է: Այդ սակավապետ, դիմացկուն ու տգեղ և հազարամյակների միջով իր գեշությունը բարձրագլուխ, հպարտորեն կրած կենդանին մարդկանց հանդիպեցրեց մարդկանց հետ: Լուռումունջ անցնելով ձյունածածկ լեռներով ու ձորերով, լերկ ժայռուքարափներով և անկենդան անապատներով՝ նա սկզբում տանում էր հողի բերքեր: Հետո մարդիկ իրենց արհեստների արդյունքը բարձեցին նրա սապատներին, երկրեերկիր սկսեցին ապրանքներ փոխադրել, և գեշ հայվանը դարձավ անփոխարինելի փոխադրող ու փոխանակող: Ապա ուղտին միացան ջորին, ձին, էշը, և բոլորին անվանեցին գրաստ:
Բայց մեծագույն, հռչակավոր գրաստ էինք և մենք՝ հայերս: Մենք յուրատեսակ միջազգային գրաստ էինք, որը կտրում-անցնում էր աշխարհեաշխարհ, մայր ցամաքից մայր ցամաք: Ինչպե՞ս էինք դա անում, ի՞նչ էինք տանում-բերում:
Նախ պետք է անդրադառնանք Նոր Ջուղային, որովհետև աշխարհեաշխարհ, մայր ցամաքիցմայրցամաք կտրող-անցնող հայը, առաջին հերթին, նորջուղայեցին էր: ՈՒղտը աչքի առաջ էր, պարսիկը բուծում էր, նորջուղայեցին՝ նրանից գնում, ընդ որում, ամեն յոթերորդ սապատավորը ձրի էր: Վեցի վրա բարձում էր թանկարժեք համեմունքներ և խիստ թանկարժեք հում մետաքս՝ օտար երկրներում վաճառելու, իսկ յոթերորդն ի՛ր համար էր: Դրա վրա բեռնում էր անկողին, կերակուր եփելու ամաններ, ուտելիք՝ բաստուրմա, սուջուխ, յուղ, ալյուր, գինի, օղի, մրգաչիր, ինչպես նաև ուռկան՝ պատահած գետերից ձուկ որսալու համար: Այսինքն, սննդի վրա գրեթե ոչինչ չէր ծախսում: Եվրոպական գյուղերում հաց, կարագ, կաթ, պանիր, ձու էր վերցնում ու դիմացը տալիս զաֆրան, պղպեղ, հնդընկույզ և այլ համեմունքներ: Իսկ Ասիայում ուտելիքը փոխանակում էր Վենետիկի, Նյուրնբերգի, Ֆրանսիայի մանր իրերով՝ հայելիով, մատանիով, ապարանջանով, արհեստական մարգարիտներով, դանակ-մկրատով, ասեղ-գնդասեղով, որոնք արևելցիների համար ավելի գնահատելի էին, քան փողը:
Եթե հայտնվում էին մեծ քաղաքներում, ապա ուղտերին տեղավորում էին քարվանսարաներում ու խաներում, իսկ իրենք 5-6 հոգով մի սենյակ էին վարձում:
Չէ, նորջուղայեցին ժլատ չէր, ամենևին, խնայասեր էր, բայց ոչ գծուծ. ամիսներ, տարիներ տևած ճամփորդությունից վերադարձին այնպիսի ճոխ քեֆեր էր սարքում, որ ապշահար եվրոպացի ուղեգիրները դրանք արձանագրում էին իրենց մատյաններում:
Այսքանը նորջուղայեցիների ճամփորդության եղանակի մասին:
Հակոբ Քոսյանը 1899 թ. Վիեննայում հրատարակեց «Հայք ի Զմիւռնիա եւ ի շրջակայս» գիրքը: Դա, ըստ էության, ճամփորդական շարադրանք էր, հեղինակն այցելել էր փառահեղ Զմյուռնիա (Իզմիր) ու մանրամասն հետազոտել նավահանգստի ու շրջակա գյուղերի հայության վիճակը: Ահա թե նա մասնավորապես ինչ է գրում. «Եւրոպայի եւ Ասիայի վաճառքներու եւ բերքերու փոփոխութեան նաւահանգիստն ըլլալու պատիւը կը կրէ Զմիւռնիա: Ասոր համար տասնեօթներորդ եւ տասնութերորդ դարերու մէջ, նոյն իսկ տասնուիններորդ դարուս սկիզբները երկայն շարք մը ուղտերու միշտ շարժման մէջ էր, Փոքր Ասիոյ ներքին կողմերէն կու գար՝ բեռնաւորուած մետաքս, համեմունք եւ պտուղ եւ կþանցնէր Զմիւռնիոյ կարաւանի կամուրջ (Pont des Caravanes) ըսուած նշանաւոր կամուրջէն, որ քաղաքին դուռը կը համարուէր, եւ կը դառնար նոյն ճամբով՝ բեռնաւորուած Լիոնի, Վենետիկի եւ Մարսիլիայի վաճառքներով:
Նորեկ եւրոպացի ճանապարհորդ մը, որ բնաւ արեւելեան քաղաքաց վրայ գաղափար չունի, նաւէն դուրս ելած եւ ոտքը ցամաք կոխած վայրկենին՝ զարմանալի տեսարաններ բացուած կը տեսնէ առջեւն, այնպիսի տեսարաններ, որոնք ապշութեան մէջ կը ձգեն զինքը: Երկայն շարք մþուղտերու քարափանց վրայ, խառնիճաղանջ ամբոխին մէջէն դէպ ի վեր, ուրիշ շարք մը կու գայ վերէն, օրն ի բուն շարժման մէջ են տաք կլիմայի բեռնաբարձ այս անասունները, բոժոժներով եւ զանգակներով զարդարուած, ոմանք ծանրաբեռն բեռնաւորուած՝ հանդարտաքայլ յառաջ կը շարժին, ոմանք բեռներէն թեթեւցած քիչ մþաւելի շուտով կը քալեն, որոնց առջեւէն կþերթայ սովորաբար իշուկ մը, վրան ալ կքած ընդհանրապէս սեւամորթ ուղտապանը, որ հոգնութենէն կէս մը կը մրափէ:
Առաջին անգամ այս ուղտերու շարքը տեսնողը կþապշի կը մնայ. քարափանց վրայ կը տեսնուին եւրոպացիներ, որոնք հետաքրքրութեամբ միտ կը դնեն այս անասնոց քայլերուն, երկայն վզերուն, զարդարանքներուն՝ բոժոժներուն, երբ մանաւանդ «ըմբիշ» (փէհլիվան) ըսուած ուղտը տեսնեն, որուն ոտքէն մինչեւ գլուխը զանգակիկներ կախուած, ճերմակ փրփուրը բերանը պատած, ահագին շառաչիւնով բարձրագլուխ կþերթայ շարքին առջեւէն»:
Փայլուն, գունագեղ նկարագրություն, որը փոխանցում է ժամանակի շունչը այն չքնաղ, բազմալեզու քաղաքի, ուր թուրքը 1915-ին թեպետ ցեղասպանություն չիրականացրեց, բայց հայաթափեց ու հունաթափեց 1922-ին:
Մնում է մեկ հարցի պատասխանել՝ թանկարժեք ապրանքներով բեռնավորված քարավանները ենթարկվո՞ւմ էին ավազակային հարձակումների, թալանի: Այո, բայց խիստ հազվադեպ, որովհետև դա ողբերգական ավարտ կարող էր ունենալ հենց ավազակների համար:
Բացատրենք 1974 թ. Բեյրութում լույս տեսած «Պատմագիրք Կիւրինի» գրքից հետևյալ քաղվածքով. «Գամիրքի հայերի գլխաւոր զբաղմունքներից մէկն էլ քարաւանային առեւտուրն էր: Բացի քաղաքային նստակեաց առեւտրից, գոյութիւն ունէր նաեւ փոխադրական տարանցիկ առեւտուր, որը իր վրայ կրում էր միջնորդական քարաւանային առեւտրի կնիքը:
Եթէ մինչեւ 20-րդ դարի սկիզբները փոխադրութեան գլխաւոր միջոցը հանդիսանում էր գրաստը՝ ուղտապաններ, ջորեպաններ (գաթրճի), իշապաններ (կուլուկճի), ապա յետագայում հանդէս էին եկել նաեւ կառապաններ:
Կիւրինցիները ձիերով, ուղտերով ապրանք էին փոխադրում Հալէպից Կեսարիա, Կեսարիայից Տրապիզոն, ապա Պրուսա, Ատանա-Մերսին, Ատանայից Հալէպ: 1800 թուականներին ամբողջ Անատոլիայի համար առեւտրական ամենամեծ կեդրոնը հանդիսանում էր Հալէպ քաղաքը, որտեղից Կեսարիա ապրանք փոխադրելու վաճառականութեան գործը ձեռնարկել էր կիւրինցին: Եւ դա այնպիսի մի ժամանակ, երբ այդ նոյն շրջանի քաղաքացիները, թուրք եւ քուրդ զանազան ցեղերի ասպատակութիւններից վախենալով, չէին համարձակւում ճամբորդութիւն անել եւ առեւտրական յարաբերութիւններ ստեղծել ուրիշ վաճառաշահ քաղաքների հետ:
Կիւրինցիների ապրանք փոխադրելը առաջին շրջանում ունէր հետեւեալ պատկերը. քարաւանը՝ 70-80 անձից բաղկացած մի խումբ, 80-100 բեռնաւորուած ջորիներով եւ ձիերով ճանապարհ էր ելնում Հալէպից: Երեսուն ընտրեալ եւ վարձուած զինակիցներ, որպէս պահակախումբ, տասը առջեւից, տասը մէջտեղից եւ տասն էլ ետեւից ուղեկցում էին քարաւանին, իսկ բազմաթիւ մեծ ու փոքր վաճառականներ կամ այլ ճամբորդներ, բոլորն էլ քարաւանային խմբում ունէին իրենց յատուկ պարտականութիւնները եւ այդ պարտականութիւնները անխախտ կատարում էին ողջ ճանապարհին:
Մայիս-օգոստոս ամիսներին քարաւանները սովորաբար իջեւանում էին դուրսը՝ բացօդեայ, յարմար վայրերում, ուր բեռները որպէս պատնեշ շուրջանակի դասաւորում էին, որպէսզի կանխակալ յարձակման վտանգի հնարաւորութեան դէպքում կարողանան կազմ ու պատրաստ դիմադրել թշնամուն: Երթեւեկի ապահովութեան համար նրանք վարում էին այսպէս ասած սիրաշահելու քաղաքականութիւն: Հրոսապետներին, գիւղապետներին, ցեղապետներին, նոյնիսկ Զէյթունի հայ մեծամեծներին պարգեւի անուան տակ կաշառք էին տալիս: Ընդհանրապէս իբրեւ նուէր տրւում էր մի շալվարցու, չուխա, պատրաստի աբա, շապիկի համար մետաքսէ կերպասներ, սուրճ, շաքար, նարկիլէի համար թենպեքի եւ այլն:
Քարաւանային առեւտուրը իւրայատուկ մի համագործակցութիւն էր, որն ունէր իր ղեկավարը՝ ճելեվտէրը կամ ճելէպտէր: Սա ընդհանրապէս լինում էր ամենահարուստ եւ փորձառու վաճառական եւ միաժամանակ կատարում էր ընդհանուր ծախսարարի պաշտօնը: Քարաւանն ունէր իր ընդհանուր գոյքը եւ ներքին կանոնները: Քարաւանի գոյքը կայանում էր հետեւեալում. վրան, ապրանքները անձրեւից պաշտպանելու համար ծածկոցներ (քաշեր), կերակրի պղնձեայ կաթսա, իւղաման, մածունի տոպրակ /բիազից/, կովի կաշուից ջրաման՝ ղալանջ (24 լիդր ջրի համար) եւ այլ մանր իրեր, իսկ անդամներից իւրաքանչիւրն ունէր իր սեփական աբան կամ յափնջին՝ գիշերելու համար: Քարաւանի անդամներից իւրաքանչիւրը իր առեւտրական գործառնութիւնների ազատութիւնը պահելով հանդերձ, ճանապարհի ընթացքում կատարում էր իրեն բաժին ընկած պարտականութիւնը»:
Այսինքն, քարավանը լավ կազմակերպված, խիստ կարգուկանոնով, զինված պահակախմբով բազմություն էր, որը գրեթե անհնար էր թալանել: Երբեմն քարավան կազմելու համար վաճառականները սպասում էին մինչև բավական թվով մարդիկ միանային: Իսկ, օրինակ, Չինաստանում քարավանները բաղկացած էին լինում 3-4 հազար մարդուց:
Մենք բերեցինք ընդամենը երեք օրինակ, սակայն քարավանային բեռնափոխադրումներով հայերն զբաղվում էին ամենուր, որտեղ համայնք կար: Ֆրանսիացի հայագետ Ֆ. Մակլերը՝ խոսելով լեհահայ գաղթօջախի մասին, նշում է, որ քարավաններ կազմակերպելը հայոց մենաշնորհն էր, և նույնիսկ Նյուրնբերգի գերմանացի վաճառականներն էին օգտվում հայերի ծառայություններից: ՈՒշագրավ է, որ հայ քարավանապետները տիրապետում էին եվրոպական և ասիական բազմաթիվ լեզուների, իսկ նրանցից մեկը խոսում էր… 98 լեզվով:
Չէ, մեր Քաջ Նազարի՝ քարվան կտրելու հոխորտանքը պարզապես սովորական պարծենկոտություն էր…
Տետէ մահրում
Կամարակում նահապետական մեծահարուստ ընտանիքներից մեկի ավագը՝ Ստեփան Էհմալյանը, ուղտերի առևտրային քարավանով Բուրսա գնալիս ծանոթանում է մի դեռատի կնոջ հետ և նրանից ունենում ապօրինածին զավակ: Երբ եղելությունը հայտնի է դառնում նրա ծննդավայրում, Էհմալյանների օջախում մեծ աղմուկ է առաջանում:
Գերդաստանի անվանը հասցված անպատվության համար ազգակից ընտանիքների ավագների հավաքը Ստեփանին տետէ մահրում է անում, այսինքն՝ զրկում է պապենական ժառանգությունից և վտարում ոչ միայն ընտանիքից, այլև գյուղական համայնքից: Նրան տրամադրվում է գյուղից հեռու Հորոխ կոչված վայրում մի հողակտոր, որտեղ նա իր երկրորդ կնոջ հետ ապրում է մինչև կյանքի վերջ։
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ